Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը` նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաև ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է` ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ այս վարքագծով ՀՅԴ-ն «բան» է հասկացնում Հովիկ Աբրահամյանին` իր ուզել-չուզելիքի մասով:
Չնայած, ըստ մեր աղբյուրների, ՀՅԴ-ում ևս խնդիրներ կան. 125-ամյա «ծերուկը» երկգլխանի է դարձել, և Յանուսի նման չի կողմնորոշվում` որ կողմի վրա թեքի գլուխները։ ՀՅԴ-ի մի մասը` Դավիթ Լոքյանի «բլոկը», կողմ է դեկտեմբերին կոալիցիայի մեջ մտնելուն: Հիշենք, որ Լոքյանը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հետ քավոր-սանիկ է, այլև ոչ անհայտ ընկեր Հրանտի դաշնակցական օպոնենտ, ամերիկյան թևի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ է շատ մոտ: Լոքյանը «բաջանաղորեն» մոտ է նաև այսօր ՀՅԴ-ում «ուժեղ» խաղացող, ընկեր Հրանտի մտերիմ (նաև` Սամվել Կարապետյանի հետ մտերիմ) Աղվան Վարդանյանի հետ: Իսկ ընկեր Հրանտի թևն այս պահին հակված չէ մտնելու կոալիցիա մի շարք պատճառներով, առաջին հերթին` «փոքր» պորտֆելներով մեծ պատասխանատվություն չկիսելու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ